Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են

3/11/2025 09:57

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են․ այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել: Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք: Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի»,- գրել է Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: