Վթարի հետևանքով տուժածներից 20-ը դուրս է գրվել

3/11/2025 10:02

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ` ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Ավելի ուշ ԱՆ-ն հայտնեց, որ տուժածների թիվը հասել է 30-ի։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։