Հայտնի է՝ որ հոդվածով է քրեական հետապնդում հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբ

6/11/2025 18:51

Նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Tert.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից: Հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով: Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ 2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից: «Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք: Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշել էր նա: