Գլուխներդ ավազի մեջ եք թաղում ու սկսում արդարացումներ փնտրել

10/11/2025 12:59

Լրիվ դեժավյու է: Ասում է` 50 հոգանոց խմբեր կազմեք, մեյլ ուղարկեք տանենք սպառազինությունը տեսնեք: Սա նրանից է, որ 7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան թե ինչ է,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Դրա համար էլ մոբիլիզացիան նախատեսված պլաններով իրականացնելու փոխարեն նմանօրինակ կոչ էր հնչեցնում` տնից վերցրեք սաղավարտներն ու զրահաբաճկոնները, 30 հոգանոց ջոկատներ ձևավորեք, հրամանատար ընտրեք և... հետևանքները բոլորը գիտեն: ՀՕՊ-ից էր խոսում, 44-օրյա պատերազմից հետո քանի՞ դիվիզիոն ՀՕՊ եք գնել, որով ձեր սիրած արտահայտությամբ ասեմ` «օդը փակել» եք: Ժամանակակից պատերազմներում «օդ փակելը», իհարկե, շատ հարաբերական է, չեմ ասում լիակատար հագեցումից, դեռ չեմ խոսում էշելոնացված ՀՕՊ-ից: Պայմանական ՏՈՐ-2 (տարբեր սերիաներ ունի) համակարգերի քանի դիվիզիոն եք գնել: Հնդկաստանից կամ այլ երկրներից առած տեխնիկան որ տուրիստական այցերի օբյեկտ եք դարձրել` դրա պաշտպանությունը կարո՞ղ եք ստատիկ կամ շարժերի ընթացքում ապահովել: Նախկինումը եղածը` լավ-վատ, շատ-քիչ, 2020-ի 44-օրյայի պատերազմի, 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ գրեթե ամբողջությամբ խոցվել է, շարքից հանվել, իսկ հիմա ի՞նչ ունենք: Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում ու սկսում կլորացված աչքերով արդարացումներ փնտրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց կամ ինչու էր պարտությունը կանխատեսելի»,- գրել է Աբրահամյանը։