Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

11/11/2025 13:45

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները: Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին: ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին: