Փաշինյանը շատ լուրջ ռիսկերի է դիմում
12/11/2025 20:52

«Զանգեզուրի միջանցքի» և Ալիջանի սահմանային անցակետի նախագծերը կվերաիմաստավորեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրային ցանցում. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուղղակիորեն կկապի Թուրքիան և Ադրբեջանը՝ ստեղծելով նոր առևտրային երթուղի Ասիայից դեպի Եվրոպա։
«Դա կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ասել է թուրք նախարարը։
Ուրալօղլուն հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել հայ-թուրքական սահմանին տեղակայված Ալիջանի սահմանային անցակետում։
«Մենք ավարտել ենք մեր ծրագրերը, դրանց թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և դրա վերակառուցումը։ Արագորեն շարժվում ենք դեպի կոնսենսուս՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Խաղաղության գործընթացի ավարտից հետո Ալիջանի անցակետը ևս կբացվի»,- հավելել նա։
Նախարարը հայտնել է նաև Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ հանդիպման մասին։
«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը ցուցաբերում է զգալի նախաձեռնողականություն և լուրջ ռիսկերի է դիմում։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Պատրաստել ենք կոնկրետ ծրագրեր, ներառյալ՝ Ալիջանի սահմանային դարպասի մոտ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և նորի կառուցումը»,- նշել է Ուրալօղլուն։
«Մենք բառացիորեն արագորեն շարժվում ենք դեպի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոնսենսուսի։ Երբ դա Աստծո կամքով տեղի ունենա, մենք այդ դուռն էլ կբացենք»,- ասել է նա։