Գետում հայտնաբերվել է երիտասարդի մարմին

14/11/2025 21:15

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա․ այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հայտնի լինելուց հետո: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: