ՀԾԿՀ 3 անդամ հոկտեմբերին մեկնել է Թուրքիա
17/11/2025 15:56

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանըլրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի՝ հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Թուրքիա։
Մեսրոպյանը հաստատեց այցի փաստը, սակայն ընդգծեց, որ այն ոչ մի կապ չի ունեցել քաղաքական գործընթացների կամ որևէ տեսակի գաղտնի բանակցությունների հետ։ Ըստ նրա՝ հանձնաժողովի երեք անդամ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը, Թուրքիա են մեկնել «Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի» հերթական աշխատանքային նիստին մասնակցելու համար։ Հ
Հայաստանը այդ կազմակերպության հիմնադիր անդամներից է՝ 1999 թվականից։ Մեսրոպյանի խոսքով՝ ասոցիացիան ներառում է 47 երկրներ, որոնց ներկայացուցիչները տարին երկու անգամ հավաքվում են տարբեր պետություններում՝ քննարկելու էներգետիկ ոլորտին առնչվող հիմնարար խնդիրներ։ Վերջին հանդիպման օրակարգում եղել են վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի ներդրման ընթացքում առաջացող ընդհանուր խնդիրները, ինչպես նաև էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացները։
Նա նշեց, որ այս տարվա մայիսին Օմանում Հայաստանի պատվիրակությունը ևս մասնակցել է ասոցիացիայի աշխատաժողովին, որի ընթացքում հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը երեք տարով ընտրվել է կառույցի նախագահության անդամ։ Մեսրոպյանը խստորեն հերքեց այն պնդումները, թե հանձնաժողովի ներկայացուցիչները Թուրքիա էին մեկնել թուրքական կողմի հետ ՀԵՑ-ը վաճառելու կամ այլ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով՝ նման հայտարարությունները որակելով «Գեբելսյան քարոզչություն»։ «Նման բան պարզապես չկա»,- ասաց նա: