Փաշինյանն ընդունել է Հելեն Քլարկին

19/11/2025 18:41

Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։ Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» (EITI) խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ հիմնադրամի նպատակն է աջակցել ժողովրդավարական քաղաքական առաջնորդությանը և լավ կառավարմանը՝ նախկին առաջնորդների փորձը հասանելի դարձնելով ներկայիս առաջնորդների համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետ կապված հարցերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները։