Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա

20/11/2025 16:41

Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետության։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բողոքի ակցիայից հետո երթով շարժվելու ենք դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 18 արդարների դատավարությունը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի ակցիային և միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների»,- նշել է նա: «Այսօրվա դատավաիրավական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք: Երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար: Բայց, դա չի նշանակում, որ, մենք, մեր ձայնը պետք է չբարձրաձայնենք: Այն կարծիքին ենք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու և շարունակելու է: Հետևաբար, այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»,- ավելացրել է Սաղաթելյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում կան հինգ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի ու Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, լրագրողներ, բլոգերներ հասարակ քաղաքացիներ, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ՝ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա՝ իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ: