Ազգային բարերարը արդեն հինգ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ

20/11/2025 16:56

Քրեակատարողական հիմնարկում քսանութ օր եղել եմ ոչնչի համար, իսկ ազգային բարերար, հայրենասեր ու հայրենանվեր մարդը արդեն հինգ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ և դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով։ Հուսանք, որ սա վերջին երկարացումն է: Այս ամենը, իրոք, խայտառակություն է։ Նման բան աշխարհում, նորմալ երկրում տեղի չի ունենում: Ընդամենը՝ «մեր ձևով» բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից ու աշխատանքից, դա խոսում է միայն վախի մասին»։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում էր իշխանություններին: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն ցուցաբերած աջակցության համար։ Կարապետյանը հայտարարել էր, որ կաջակցի եկեղեցուն «մեր ձևով»։ Իշխանությունները այդ արտահայտության մեջ քրեական ենթատեքստ են տեսել և ձերբակալել Կարապետյանին։ Ավելի ուշ մեղադրանքին ավելացվել է տնտեսական բաղադրիչը, հենց դա էլ թույլ է տվել երկարաձգել կալանքը։ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել Գյումրու քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ։ Լինելով փաստաբան՝ Մխիթարյանը փորձել է հանդարտեցնել մարդկանց և նրանց իրավական օգնություն ցուցաբերել։ Մխիթարյանի գործողություններում իրավապահները նույնպես քրեական բաղադրիչ են տեսել։