Մեզ ամոթ, քանի դեռ կա մեր հողը տրորող գեթ մեկ թշնшմու ոտք
20/11/2025 20:42

Այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, հավաքվել են մարդիկ, որոնց պայքարի հիմքում արժեքներն են, այլոց իրավունքների ու ազատության համար պայքարն է։ Այս մասին Շենգավիթի դատարանի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այսօր, այն պայմաններում, երբ երկրում կան տասնյակ քաղբանտարկյալներ, մենք հայրենիք չունենք։ Չի կարող հայը իր հայրենիքում բանտարկված լինել իր հայացքների համար, չի կարող հայը իր հայրենիքում կալանավորված լինել նախնիների հավատամքը շարունակելու համար, չի կարող հայը հայրենիքում կալանավորված լինել, քանզի չի հանդուրժում այսօրվա ապազգային իշխանություններին։ Յուրաքանչյուր հայ, ով չի վախենում խոսել իր ապրածի, իր մտածածի, իր զգացածի մասին կարող է ձերբակալվել», - նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալների ինստիտուտը հիմնադրվել է 2018 թվականից։
«Քանի դեռ կա մեր հողը տրորող գեթ մեկ թշնամու ոտք և կա մեկ հայ, որ կալանավորված է հայ լինելու համար, մեզ բոլորիս ամոթ է՝ ասել է Աշոտյանը ու ավելացրել, որ հայ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Բաքվում։ Մենք պետք է աջակցություն հայտնենք նաև նրանց, նրանք գերության մեջ են գտնվում նույն արժեքների՝ հայ մնալու համար։ Իսկ աշխարհում հայ մնալու տեսանկյունից ամենավտանգավոր վայրը Հայաստանն է։ Դրան վերջ կդրվի այն ժամանակ, երբ վերջ կդրվի Հայաստանում քաղբանտարկյալների գոյությանը», - նշել է Արմեն Աշոտյանը։