Աստանայում տեղի է ունենում Փաշինյանի և Ղազախստանի նախագահի հանդիպումը

21/11/2025 10:58

Աստանայում մեկնարկել է Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։ Ղազախստանի նախագահի նստավայրում ` «Ակորդա» պալատում, ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը, որից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպմանը նախատեսված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և այլ պաշտոնյաների մասնակցությունը։ Ղազախական կողմից հանդիպմանը նախատեսված է երկրի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի, փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինի, փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի, Ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի, տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի և այլ պաշտոնյաների մասնակցություն։ Օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը: