Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է
25/11/2025 21:47

Վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով: Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է:
Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ:
Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը:
Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ:
Սա պետք է ընդունել որպես ահազանգ: Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա:
Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները:
Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ, լավ կլիներ զվարճացնելուց զատ նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերում:
Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»,-գրել է նա։