Ողբերգական դեպք՝ Երևանում
27/11/2025 17:16

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է: