Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մարգուս Ցահքնայի հետ
27/11/2025 20:58

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին: