Ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին

27/11/2025 22:10

Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- նշել է նա։