Սուր շնչառական վարակների ակտիվություն կա

28/11/2025 17:51

47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։ Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է տնային դասերի: Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 8064-ը, ինչը կազմում է ընդհանուր բացակաների 14.4%-ը: 8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը բացահայտվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն: Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը կրկին հիշեցնում և հորդորում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով, երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային: