Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են

2/12/2025 20:13

Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։ «Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, ու բանակցություններում Հայաստան չկա։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը. Բացակայում է Քի-Վեսթը, որը ենթադրում էր Արցախի հարցի պատմական շահավետ լուծում։ Այդ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս, Լաչինի 40 կիլոմետր լայնությամբ պաշտպանված միջանցքով միանում էր Հայաստանին, իսկ Մեղրիով հնարավոր ճանապարհը, ըստ այդ փաստաթղթի, բոլոր առումներով մեզ ավելի շահեկան էր, քան՝ անհասկանալի հեռանկարով TRIPP-ը։ Այս առումով 2-րդ նախագահի վաստակն անհնար է թերագնահատել։ Մյուս դրվագը Ս. Սարգսյանի հայտնի նամակն էր ՌԴ նախագահին։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե իշխանությունն ինչու է սա հրապարակել։ Իր շահը ո՞րն է։ Ավելի գրագետ, իրավիճակի բոլոր նրբությունները հաշվի առնող, ավելի ճշգրիտ ձևակերպումներով և սեփական պետության կարմիր գծերը հստակ ֆիքսող ձևակերպումներ դժվար է գտնել։ Եվ, ի վերջո, երրորդը. վերջապես պաշտոնապես հրապարակվել է 2019 թվականին համանախագահների առաջարկած բանակցային փաստաթուղթը, ու չի հրապարակվել հայկական կողմի պատասխանը՝ հաստատելով միասնական ընդդիմության մեղադրանքն այն մասին, որ Փաշինյանը փաստացի հրաժարվել է այդ փաստաթուղթը քննարկելուց։ Ինչը և բերեց այսօրվան։ Մեծ հաշվով, ցանկացած բանակցված փաստաթուղթ կարող է լինել քննարկման առարկա, քննադատության և հարցերի առարկա, բայց դրանք բոլորը ենթադրում էին հայկական Արցախ, բացառում էին հազարավոր զոհերը և ազգային նվաստացումը։ Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ու «Արցախը Ադրբեջան է ու վերջ» ասելու համար բանակցել պետք չէր։ Պետք էր պարզապես ձախողել բանակցությունները, ինչը և արվեց՝ մեզ տանելով պատերազմի ու պարտության»,- գրել է նա: