«Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է
3/12/2025 14:37

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել և հեռացել. «Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է։
Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմել է, որ ազատման դիմումը երեկ՝ դեկտեմբերի 2-ին է ստացել և այսօր արդեն դադարեցվել են իր լիազորությունները։ Լազարյանի գնահատմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը զուրկ է իրավական հիմքերից։
«Գորիսի պետական քոլեջում 40 աշխատակից կա, ևս 19 դասախոս համատեղության կարգով է աշխատում քոլեջում։ Նրանցից 30-ն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մարդիկ ասում են՝ Ժաննա Անդրեասյանի հետ աշխատելն անհնարին է։ Այդ մարդու համար օրենք գոյություն չունի, նրա հետ իրավունքի լեզվով խոսելն անհնար է։ Ժաննա Անդրեասյանը կրթության համակարգը ժառանգություն է ստացել, հետևաբար ինչ ուզի, կանի։ Արդեն քանի ամիս է՝ որոշումներ, հրամաններ է արձակում, և բոլորը առանց հիմքի։ Կոլեկտիվն էլ ասում է՝ արդեն հերիք է, մենք նպատակահարմար չենք գտնում աշխատելու մի մարդու հետ, որը չի առաջնորդվում ՀՀ օրենքներով»,– ասել է Լազարյանը։
Կարեն Լազարյանն անհիմն է համարում աշխատանքից ազատման հրամանում նշված հիմնավորումը, թե ինքը խոչընդոտել է կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը։ Նշում է՝ կառավարության որոշումը դեռևս չի իրականացվել միայն այն պատճառով, որ նախարարությունն անգործություն է ցուցաբերել։
Կարեն Լազարյանի գնահատմամբ, որոշման իրական պատճառը իր և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջև առկա տարաձայնություններ են։