Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պետեր Սիյարտոյի հետ

4/12/2025 17:14

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը: Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար հարցերի, այդ թվում՝ փախստական երեխաների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին: