Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ

14/12/2025 16:21

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ,- ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է գրել․ «Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։ Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում: Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ: Հ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ, Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով, ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում, միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում, վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,- գրել է նա։