Միքայել Սրբազանը վաղը հիվանդանոց կտեղափոխվի
15/12/2025 12:08

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը՝ դեկտեմբերի 16-ին։
Նախատեսվում էր, որ Միքայել Սրբազանն այսօր պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման, սակայն տեղափոխումը հետաձգվել է դատական նիստի պատճառով։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դատական նիստ կա, որի ընթացքում քննարկվելու է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ, արդարացման հիմքով։ Քննարկվելու է նաև դատախազության վերաքննիչ բողոքը, նրանք միջնորդել են, որ Սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացվի, պատիժը խստացվի»,- ասել է Ֆարմանյանը։
Փաստաբանը նշել է, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակն այս պահի դրությամբ նորմալ է, նա կմասնակցի այսօր ժամը 15:30-ին կայանալիք դատական նիստին։