Թրամփի ծրագիրը լրջագույն սպառնալիք է
15/12/2025 23:29

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կովկասի վերաբերյալ ծրագրին, քանի որ այն լրջագույն սպառնալիք է Իրանի անվտանգության համար․ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Վելայաթին այս հայտարարությունն արել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։
«Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»,- ընդգծել է նա։
Վելայաթին պարզաբանել է, որ միջանցքը Իրանից հյուսիս պայմաններ է ստեղծում «ՆԱՏՕ-ի ներկայության համար» և լուրջ անվտանգության սպառնալիք է Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար և որ այս ծրագիրը «գործնականում նույն նախագիծն է, որի անունը պարզապես փոխվել է, և որն այժմ իրականացվում է Հայաստան ամերիկյան ընկերությունների ժամանման եղանակով»։
Վելայաթին նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսական գործունեության քողի տակ ռազմական միջամտություն է կատարում տարածաշրջանում։
«Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում են զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար նրանց ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգության չափումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամերիկյան ներկայության բացումը Իրանի սահմաններին ցանկացած ձևով ակնհայտ անվտանգության հետևանքներ ունի»։