Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են
16/12/2025 15:58

Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա ունենան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությանը մի քանի անգամ առաջարկել են, որ պետությունը հոգա երեխա ունենալու խնդիր ունեցող ընտանիքների ծախսերը: Ասել են, որ լավ բան են առաջարկում, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարել:
«Ընտանիքներ կան, որ ցանկանում են երեխա ունենալ՝ չեն կարողանում, որովհետև արհեստական բեղմնավորման համար ֆինանսը չի ներում:
Պետությունը դա պետք է անվճար դարձնի, ծնելիության վրա պետք է առհասարակ փող չխնայենք»,- ասել է Դանիելյանը:
Անդրադառնալով տակդիրների ու հիգիենայի պարագաների գներին՝ Դանիելյանը նշել է, որ Հայաստանի ու հարևան երկիր Վրաստանի միջև գնային տարբերություն կա:
«Նամակներ եմ ստանում, որ երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թանկացումների պարագայում մարդը շահագրգրված լինի երեխա ունենալու. առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների գների հարցը պետք է լուծենք»,- եզրափակել է նա: