Նպատակը հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է

17/12/2025 10:19

Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հայտարարած պատերազմի կարևոր նպատակներից մեկը, հնարավոր է՝ կարևորագույնը հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Սա շատ սկզբունքային հարց է, և իմ գիտելիքները բավարար չեն դրան խորությամբ անդրադառնալու համար, բայց ամեն դեպքում կցանկանայի «թեզիսների ձևով» որոշ մտքեր հայտնել՝ հետագայում փորձելով խորամուխ լինել հարցին։ 1) նիկոլականների խոսույթում ու այս համատեքստում «քաղաքականությունը» շատ լայն է հասկացվում. այն սոսկ կուսակցական-ընտրական համակարգին չի վերաբերվում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող հարցերի ողջ ներկապնակին՝ ներառյալ ազգային, ինքնութենական, արժեհամակարգային հարցերը։ 2) Ոչ մի ազգային եկեղեցի՝ ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցին՝ հատկապես, չի կարող անմասն մնալ «քաղաքականությամբ» զբաղվելուց՝ 1-ին կետում նշված իմաստով։ Չի՛ կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենա զբաղվել «քաղաքականությամբ», իսկ Հայոց Եկեղեցին՝ ոչ։ 3) Անձամբ ես Հայոց Եկեղեցու՝ 1-ին կետի իմաստով «քաղաքականության» մեջ դերակատարումը տեսնում եմ հետևյալ երկու գործառույթներում. (ա) ԱՄԵՆՕՐՅԱ, որ վերաբերում է ավանդական-քրիստոնեական արժեքների խրախուսմանը, և (բ) ԲԱՑԱՌԻԿ, որ վերաբերում է ազգային ինքնության հարցերում աշխարհիկ ժամանակավոր պաշտոնյաների թույլ տված սկզբունքային աղճատումների դեմ պատնեշ կանգնելուն։ Բնականաբար, «ամենօրյա» գործառույթն ունի մշտական բնույթ, իսկ «բացառիկ»-ը պետք է գործողության մեջ դրվի միայն տագնապի պայմաններում։ «Բացառիկ» գործառույթը մեր ազգի «իմունային համակարգի» ողնաշարն է։ 4) ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Բոլոր սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, օրինակ՝ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանության պետական գործառույթի արդյունավետ իրականացման նպատակը։ Նրանք չեն կարող լինել արդյունավետ, եթե քաղաքանությամբ զբաղվելու նրանց իրավունքը չսահմանափակվի։ Նույնը չի վերաբերում և չի էլ կարող վերաբերվել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանրապես, և Հայոց Եկեղեցու հոգևոր դասին՝ մասնավորապես։ Դեռևս այսքանը»։