«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքն ընդունվեց

17/12/2025 14:39

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը: Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից: Այսպիսով. Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ: 2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը: 200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ: 500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ: Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում: «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր: Բարեփոխման ռազմավարական նպատակն է. 1. Բնակչության առողջության պահպանում 2. Կյանքի միջին տևողության երկարաձգում 3. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում 4. Կյանքի որակի բարելավում: Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ: 3 տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները. ուստի ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները: