20-ամյա երիտասարդ է դանակահարվել

17/12/2025 14:39

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։ Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: