Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն է ներկայացվել
17/12/2025 17:41

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել։ Երաշխավորներին միացավ նաև դերասան Լևոն Հարությունյանը:
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։
Դատախազի խոսքով՝ բարձր է ռիսկը, որ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի նոր հանցանք, ինչպես նաև հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոններն ու ունեցած դիրքը, հեղինակությունը կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների և գործով անցնող այլ անձանց վրա։
Պաշտպանական կողմն էլ միջնորդություններ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ։