Հույս ունենք՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը

19/12/2025 10:00

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,- ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։ «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադար է տվել կազմակերպությունում աշխատանքը, ինչն արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ այս պահին ձևավորված դիրքորոշումը։ Դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն»,- հավելել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։