Հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից

19/12/2025 12:46

Նախօրեին Մայր Աթոռում էի։ Անհնար է նկարագրել, թե որքան հակասական զգացողություններ ունեի։ Ուզում էի տեսնել տիրադավներին։ Հենց Մայր Աթոռում էի ուզում տեսնել՝ հուսալով, որ վճռական այդ պահին, իսկ մարդիկ սովորաբար հենց նման պահերին են ցուցադրում իրենց իսկական ով լինելը, ի վերջո կհասկանան, թե ինչ կործանարար ընթացքի մեջ են, կանգ կառնեն և կղզջան։ Հուսով էի, որ նրանցից ոմանց վրա՝ նրանց, ում հետ մտերմություն և նույնիսկ ընկերություն եմ արել, իմ և իմ պես այլ մարդկանց ներկայությունը կարող էր ազդել։ Ի վերջո, ժողովուրդն էր երեկ Մայր Աթոռում և գոնե թե ժողովրդից պիտի ամաչեին,- գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Բայց եկավ այն պահը, երբ տեսա, թե ինչպես են տիրադավները՝ իրենց պես խղճուկ պաշտպանների հույսին մնացած, գալիս դեպի Վեհարան։ Շտապեցի Վեհարանի դարպասի մոտ՝ տեսնելու նրանց։ Փորձելու կանգնեցնել։ Եվ հեռվից Կճոյանի հայացքը տեսա։ Տեսա ու հասկացա՝ չկա այլևս Նավասարդ Սրբազանը։ Ինձնից մոտ 20 մետր այն կողմ՝ ոստիկանական պատի ու իրեն այդտեղ բերած էն խղճուկների ետևում Հուդան էր կանգնած։ Ուզում էի «Սրբազան» կանչել, բայց բերանիցս «Հուդա» դուրս եկավ։ Ու նույն պահին Մայր Աթոռի բարձրախոսներից լսվում էր Վեհափառ Հայրապետի ձայնը։ Նորին Սրբությունը կոչ էր անում տիրադավներին վերադառնալ կանոնական դաշտ… Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից։ Խայտառակված հեռացվեցին։ Ոչնչացված։ Այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը։ Եվ թող Աստված իմաստնություն տա բոլորիս լինել այնպիսի ժողովուրդ, ինչպիսինն էինք նախօրեին Մայր Աթոռում։ Դա է մեր փրկության և ապա նաև վերականգնման միակ ուղին։ Աստծով»,- գրել է նա: