Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա

20/12/2025 00:04

Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» «գործակալ» է,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք: Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը: Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել: Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին: Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար»,-գրել է նա: