Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում
22/12/2025 11:05

Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․
«Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը:
ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող քծնանքի պայմաններում, Ադրբեջանում ներքին կայունությունը պահպանելու և տասնամյակներով արատավոր բարքերն արդարացնելու նոր գաղափարական հենք դեռ չի ստեղծվել, ինչն Ալիևների իշխանության համար իսկապես լրջագույն խնդիր է:
Այստեղ հարցն այն չէ, որ այդ իշխանությունը փլուզման եզրին է կամ ցնցումների մեջ, համենայդեպս ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է:
Մի կողմից Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն իրականացվել են, մյուս կողմից` Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում, որի հիմքում նաև նոր իրավիճակի մարսումն ու իրադրությանը համարժեք նոր գաղափարական հայեցակարգի ընդունումն է»,- գրել է նա։