Սպանություն Գյումրիում, ձերբակալված կա

22/12/2025 12:43

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ն է։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամեր առաջ, Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել են ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը՝ Գյումրու 50-ամյա բնակիչը, Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։