«Հայաստան» խմբակցության անդամները դեսպանների հետ են հանդիպել

23/12/2025 21:28

ԱԺ-ից հայտնում են, որ «Հայաստան» խմբակցության անդամները Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ են հանդիպել։ Հաղորդագրությունում նշված է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը և Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ: Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարևորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը: Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ»: