Սրբուհի Գալյանը ընդունել է Ալեքսանդրա Քոուլին

24/12/2025 20:16

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները, Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում արդարադատության նախարարության ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծման գործընթացը։ Զրուցակիցները անդրադարձել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, թվայնացման և կիբերանվտանգության ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը նշել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունների՝ ծննդի և ամուսնության գրանցման, ինչպես նաև բիզնեսի գրանցման իրականացումը առցանց եղանակով։ Նա ընդգծել է, որ թվայնացվել են նաև դատավարության գործընթացները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցին։ Դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի։ Կողմերը կարևորել են նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման շրջանակային փաստաթղթի մշակման և ներկայացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ։