ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԱԺ-ում լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը
25/12/2025 21:48

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի մեր գործընկերների կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԺՄ-ն։
«Կոնջորյանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրումից և արգելել նրանց մուտքն Ազգային ժողով՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հարցազրույցի մասին, և իբրև թե լրագրողները սահմանված վայրում չեն գտնվել: Մինչդեռ, ինչպես լրագրողներն են պնդում, Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն ասել են՝ հատվածը, ուր գտնվել են իրենք, թույլատրելի է:
Արդյունքում՝ 2025թ. դեկտեմբերի 17-ին լրագրող Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու, ապա 2 օր անց Սոնա Գրիգորյանն ապօրինաբար զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող, և դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:
Լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու, իսկ դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրումից զրկվել է նույն արարքի համար։ Քնարիկ Մանուկյանը ևս 1 տարի ապօրինաբար զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրավունքը:
Հիշեցնենք, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը դեռ տարիներ առաջ՝ 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ օգոստոս ամսին, գոտիավորեց ԱԺ տարածքը՝ սահմանափակելով լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքի համար խնդիրներ ստեղծելով: Դա այդ ժամանակ արժանացավ Մարդու իրավունքների այդ ժամանակվա պաշտպանի կոշտ հակազդեցությանն ու խստիվ դատապարտմանը: Հենց «կարգավորումներն» են այժմ իշխանությունները որպես մահակ օգտագործում լրագրողների դեմ:
Նկատենք նաև, որ նույն կերպ, տառացիորեն նույն սցենարով՝ երկու անգամ իրար հետևից նկատողություն տալով, ԱԺ հավատարմագրումից զրկվեց լրագրող Վահե Մակարյանը և հիմա իր խախտված իրավունքները փորձում է վերականգնել դատական կարգով:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու, երկրի գլխավոր օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորությունից օգտվելու անհնարինության՝ ՀՀ իշխանությունների գործելակերպը:
Լրագրողը չպետք է զրկված լինի իր լրագրողական գործունեությունն իրացնելու հնարավորությունից լոկ այն պատճառով, որ նրա տված հարցը դուր չի եկել պատգամավորին, անգամ, եթե այդ պատգամավորն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է:
Հայաստանի ժուռնալիստների միությունն ԱԺ պատասխանատու, որոշումներ կայացնելու իրավազորություն ունեցող անձանց կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ, վերականգնել լրագրողներ Քնար Մանուկյանի ու Սոնա Գրիգորյանի՝ ԱԺ տարածքում աշխատելու իրավունքը, արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»,-ասված է հայտարարության մեջ: