Շիրակի թեմը հայտարարություն է տարածել

27/12/2025 14:18

Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։ Նա հոգևոր հայր է, ով իր անձնական օրինակով և բարոյական վեհությամբ առաջնորդել է հազարավոր հավատավոր զավակների՝ դաստիարակելով նրանց քրիստոնեական արժեհամակարգով և ազգային ոգով։ Այս մասին ասված է Շիրակի թեմի տարածած հայտարարության մեջ։ «Սրբազան Հայրը տարիներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել իր հոգևոր ուխտին։ Նրա քարոզները հնչել են ամենուր․ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ՝ մասնակից լինելով նրանց առօրյային, լսելով նրանց հոգսերը և ամրացնելով հավատքը։ Միքայել Սրբազանի հոգևոր ուղին առանձնանում է անսասան հաստատակամությամբ․ նա երբեք չի դավաճանել ճշմարտությանը, անգամ այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ է եղել խիզախություն և անձնազոհություն։ Նրա հոգևոր առաջնորդությունը համատեղում է և՛ բարի հոր մեղմությունը, և՛ արդար դատավորի խստությունը։ Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի։ Նրա անմիջականությունը, մարդկանց հոգսը կիսելու կարողությունը և անձնական նվիրվածությունը նրան դարձրել են ժողովրդի սիրելի առաջնորդ։ Գերաշնորհ Սրբազան Հայր, Շիրակի Թեմի քահանայից դասը, աշխատակազմը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ: Առ Բարեգութ Հայր հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ձեզ քաջառողջ պահի, անսասան Ձեր ընթացքի մեջ, հատկապես այս ապօրինի դատապարտության օրերին, որ Դուք կրում եք մնալով հանուն ճշմարտության և առ հայրենիք սիրո: Թող շուտափույթ արդարություն հաստատվի և Ձեզ տեսնենք մեր բոլորիս սիրելի Շիրակի թեմում: Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն»։