Մենք խաղաղություն ենք կնքում Հայաստանի ժողովրդի հետ

2/1/2026 16:04

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»,- The Washington Times-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք բազմաթիվ թյուրըմբռնումներ, և նրանք մեծ վնաս են հասցրել։ Բայդենի վարչակազմը կրկին կիրառեց 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները։ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում վարչակազմը վճռորոշ դեր խաղաց Կասպից ծովի գազի մատակարարումները Եվրոպայի շուկա ապահովելու գործում՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակում»,- ասել է Հաջիևը և վստահեցրել, որ Ադրբեջանը նպաստում է Հայաստանի հետ տնտեսական փոխկախվածությանը՝ արտահանելով նավթամթերքներ և աջակցելով հացահատիկի մատակարարումներին հայկական շուկա։ «Սա կարող է թվալ խորհրդանշական, բայց խորհրդանշականից բացի այստեղ կա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Մենք խաղաղություն ենք կնքում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։