Փաշինյանի նոր հանցագործությունը

5/1/2026 10:34

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր բանավեճի շրջանակում։ Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության անմիջական և գռեհիկ ներգրավմամբ։ Հայտարարությամբ ձևավորվում է «Համակարգող խորհուրդ», որի օրակարգում ներառված են Վեհափառի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու կանոնադրության ընդունումը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը։ Առանձնապես կարևոր հանգամանք է, որ այս փաստաթուղթը ստորագրված է ոչ միայն վարչապետի, այլև տասը տիրադավ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից, որոնք, թեև դեռ կարգալույծ չեն, չեն կարող Եկեղեցու անունից հանդես գալ նման բնույթի նախաձեռնություններով։ Այս համադրությունը գործընթացին տալիս է ոչ թե բարենորոգման, այլ բացահայտ քաղաքական միջամտության բնույթ։ Վարչապետի ստորագրությունը հայտարարության տակ այն վերածում է գործադիր իշխանության ուղղակի մասնակցությամբ նախաձեռնության, ինչը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը և պետական իշխանության միջամտության արգելքը Եկեղեցու ներքին գործերին։ Բարենորոգումը, իր բուն իմաստով, ենթադրում է ներհոգևորական գործընթաց, կանոնական մարմինների դերակատարում և աշխարհիկ իշխանության չեզոքություն։ Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք աշխարհիկ իշխանության նախաձեռնությամբ և քաղաքական հովանավորությամբ ձևավորվող կառույցի հետ, որի նպատակը Եկեղեցու կառուցվածքի փոփոխությունն է։ Սա ինստիտուցիոնալ ճնշում է, ոչ բարեփոխում։ Փաշինյանի մասնակցությամբ այս համատեղ հայտարարությունը միաժամանակ բացահայտում է իշխանության մարտավարական վերադասավորումը։ Կաթողիկոսին արագ հեռացնելու փորձերի ձախողումից հետո շեշտը դրվում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտի թուլացման, ապամոնտաժման կամ պառակտման վրա։ Տիրադավ հոգևորականների ներգրավումը ծառայում է հենց այդ նպատակին՝ ստեղծելով ներեկեղեցական լեգիտիմության արհեստական պատրանք։ Քաղաքական առումով այս հակաեկեղեցական գործընթացը իշխանության համար ունի նաև գործիքային նշանակություն։ Ազգային և բարոյական ինստիտուտների հետևողական արժեզրկումը նպաստում է հասարակության բարոյալքմանը և ապատիայի խորացմանը։ Ապատիկ հասարակությունը նվազ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, ինչն իր հերթին ստեղծում է առավել բարենպաստ միջավայր ավտորիտար իշխանությունների վերարտադրության համար։ Այսպիսով, գործ ունենք սահմանադրական կարգավորումների գիտակցված խախտման, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման և քաղաքական նպատակներով հասարակության արժեքային դաշտի համակարգային քայքայման հետ։ Եվ հենց այս համատեքստում է, որ վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն»,- գրել է նա։