2025-ը եղավ հալածանքների և փորձությունների ժամանակահատված
5/1/2026 13:46

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Մեծ Խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում` մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով` նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս 2026 թվականին` մեր կյանքից հեռացնելով չարիքը իր բոլոր դրսևորումներով` սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը և մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը` այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է:
Այս մասին կալանավայրից գրել են Բագրատ արք. Գալստանյանն ու Արշակ արք. Խաչատրյանը:
«Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ էլ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացեք և ցնծացեք...» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19): Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից` անանձնական, մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)... Դեպի Ազատագրում և Հաղթանակ... Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն:
Քրիստոս Ծնավ և Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»,- նշած է ուղերձում: