Մտածում էի՝ Վրթանես Սրբազանը դարձի կգա
6/1/2026 12:10

Ես ի սկզբանե հույս ունեի, որ Տեր Վրթանեսը դարձի կգա՝ բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ունեմ այն համոզմունքը, որ տատասկոտ ճանապարհը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարությանը ստորագրելուն՝ Արտակ Բեգլարյաը նշեց, որ իր դիրքորոշումը հստակ է:
«Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում եմ հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային: Ես իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ և անհատապես, և հայտարարությամբ: Դիրքորոշումս հստակ է՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ապօրինի ոտնձգությունների, ինչպես նաև Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ»:
Խոսելով իր ու արցախայերի դիմում-խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, Արցախի թեմի համար նոր առաջնորդ նշանակելու մասին, Բեգլարյանը նշեց, որ իրենց դիմումից դեռ նորություն չկա:
«Ես հույս ունեմ, որ Վեհափառ Հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, դրան զուգահեռ պետք է շատ թափանցիկ և արդյունավետ գործընթաց լինի եկեղեցում եղած խնդիրները վերհանվելու ու հասցեագրելու, որպեսզի որևէ մեկը որևէ ձևով՝ հատկապես իշխանությունները, չփորձեն նմանատիպ հարցերը շահարկեն: Այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն»: