Դուք ավելի շատ ուզում եք վեհափառ լինել, քան վարչապետ մնալ
7/1/2026 13:17

Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս,- «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն է հայտարարել․
«Մինչ մեր երկրի տարածքներն օկուպացված են, Երևանում հաճախ պարզապես շնչելու օդ չկա, մինչ մեր թոշակառուները ստանում են ապրելու համար անհնար, պարզապես ծիծաղելի ցածր թոշակներ, մինչ ձևի համար կառուցվում են նոր դպրոցներ և քանդվում է կրթությունը, և ամենակարևորը, մինչ 2020 թվականի պատերազմից հետո անցած հինգ տարիների ընթացքում այս իշխանությունը չի կարողացել այդպես էլ ամրապնդել մեր անվտանգությունը, ուժեղացնել մեր բանակը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել բոլոր նրանցից, որոնք սպառնում են ամեն օր մեզ ֆիզիկական բնաջնջմամբ:
Նիկոլ Փաշինյանն ուզում է, որպեսզի մենք խոսենք ոչ թե մեր պետության գոյության, այլ պատարագների, իր անօրինականությունների, շանտաժի ենթարկված եպիսկոպոսների ու նրանց անձնական կյանքի մասին։
Պարոն Փաշինյան, ինձ թվում է՝ դուք ավելի շատ ուզում եք վեհափառ լինել, քան վարչապետ մնալ։ Երևի երեկ ու դրանից առաջ էլ ձեր նախընտրական քարոզչությունն էր։ Սա իսկապես ծիծաղելի է։
Ես մտադիր եմ լինել վարչապետ ու ոչ դրանից ավելին։ Սիրելի հայրենակիցներ, դուք ինձ երբեք չեք տեսնի, մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս, ձեր ժամանակը անիմաստ ու աբսուրդ թեմաների վրա վատնելիս»,- ասել է Թաթոյանը։