Կրակոցներ՝ Գյումրիում, 3 վիրավոր կա

9/1/2026 17:50

Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում և կան վիրավորներ։ Այդ օրը ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի․ այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են անգիտակից վիճակում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներին են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Հ.-ն, 26-ամյա Ռաֆիկ Շ.-ն և 24-ամյա Ալբերտ Դ.-ն։ Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 1-ին մասի և 297 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ հունվարի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն Ռաֆիկ Շ.-ի, Ալբերտ Դ.-ի, Կարեն Հ.-ի և մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։