Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն խաղաղության

9/1/2026 19:34

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու,- «Մայր Հայաստան» կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանն է գրել։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն: Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության: Թուրքական նախագիծը ենթադրում է՝ • ՀՀ սահմանադրության փոփոխություն, որով ամբողջությամբ վերացվում են 3-րդ հանրապետության հիմքերը, • Հայոց ցեղասպանության թեմայի փակում, • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում, հայկական ինքնության դեմ պայքար, • Հայկական բանակի փաստացի վերացում, • Հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, • «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին, • Ատոմակայանի փակում, • Առանց դաշնակիցներ Հայաստան, • Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում, • Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցում, • Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի իրականացում Հայաստանից միակողմանի զիջումների տրամաբանությամբ, • Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի կախվածություն Ադրբեջանից, • Հայաստանի մասնակի ապաշրջափակման ռեժիմի պահպանում, • Ռուսաստանի և Իրանի հետ կապերի թուլացում՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների հետագա կոնֆլիկտայնացման հեռանկարով, • Արցախցիների վերադարձի իրավունքի թեմայի փակում, • Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներ, • Հայաստանի անվտանգության ապահովման ու հրադադարի պահպանման երաշխավորի դերում Ադրբեջանի դերակատարում. մեզ վրա չեն կրակելու զուտ Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում, • Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կողմից փաստացի միջնորդական առաքելության իրականացում, • Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմատուգանքի նշանակում: Սա թուրքական նախագծի շրջանակներում թուրք-ադրբեջանական պահանջների, նախապայմանների և ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ԱԺ ընտրություններում նշանակելու է այդ ամենի կյանքի կոչում, ինչը գործնականում բերելու է մեր պետականության կորստին: Կամ էլ՝ ինչ-որ պահի դառնալու է նոր պատերազմի պատճառ: Հայկական նախագիծը ենթադրում է՝ • Իրական խաղաղության ու անվտանգության ապահովում՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հաշվեկշռի լուրջ շեղումների վերացման և արդյունավետ պետական կառավարման համակարգի ներդրման միջոցով, • Հայկական բանակի վերականգնում, • Մեր Եկեղեցու և հայկական ինքնության պաշտպանություն, • Սոցիալ-տնտեսական զարգացում՝ ներառականության սկզբունքով, • Ազգային-պետական ու անվտանգային գլխավոր հարցերում հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում, ներհասարակական թշնամանքի բացառում, • Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ-երաշխավորի առկայություն՝ բացառելով Թուրքիային և կարևորելով Ռուսաստանի դերը, • Պետականամետ դիվանագիտության իրականացում, որի շրջանակներում պետք է նոր բովանդակությամբ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններ հաստատել, • Հայ-իրանական հարաբերությունների խորացում, • Հայաստանի համար ապահովել իրական ապաշրջափակում ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով, • Հայաստանը դարձնել ոչ թե գերտերությունների շահերի բախման, այլ համադրման տարածք՝ ռուս-ամերիկյան ջանքերի ներդրման, Իրանի բնական շահերի հաշվի առնման, ինչպես նաև չինական, հնդկական տնտեսական հնարավորությունների ներգրավման միջոցով, • Ապազգային և պատերազմաբեր գլոբալիզմի մերժում, • Հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս տարանջատում հայ-ադրբեջանականից, • Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար առավելագույն ջանքերի գործադրում: Հայկական նախագիծը ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցեր էլ է ներառում: Դրանց կյանքի կոչման նախապայմանը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է: Դրա բոլոր նախադրյալները կան, հանրային մեծ պահանջարկը ևս առկա է: Մնացածն ընդդիմադիր դաշտի սուբյեկտներից է կախված: «Մայր Հայաստանը» ներդնելու է բոլոր ջանքերը՝ օրվա իշխանության դեմ արդյունավետ պայքարի, իշխանափոխության և ազգային նոր իշխանության ձևավորման համար»,- գրել է Թևանյանը։