Տավուշի թեմը հայտարարություն է տարածել

10/1/2026 18:02

Տավուշի թեմի հայտարարությունը Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։ Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի, աներկբայորեն վերահաստատեց իր ուխտը՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ելնելով ստեղծված անընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, արդարության և արդարասիրության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատավոր ժողովրդի։ Ժողովական հայրերը նաև որոշում ընդունեցին՝ ամեն չորեքշաբթի ժամը 11-ին Տավուշի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարել կարգ աղոթից՝ Հայոց պետականության, մեր աշխարհասփյուռ հայրենակիցների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անխախտության ու անսասանության համար։ Թող Տիրոջն ուղղված աղոթքները միասնության և ոչ թե բաժանման ոգի դնեն մեր սիրելի և տառապյալ ժողովրդի սրտում։ «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել ոգու միությունը խաղաղության կապով» (Եփես․ 4, 2-3): Աստված բոլորիդ պահապան։