Կա՛մ Աստված, կա՛մ մարդակերպ սատանան
10/1/2026 22:51

Միայն Հայաստանում է, որ իշխանությունները սեփական ժողովրդին ամենօրյա ռեժիմով բարոյահոգեբանական տեռորի են ենթարկում։ Անգամ պատերազմող երկրներում այսպիսի բան չկա։
Պատերազմող երկրների ղեկավարներն այնքան զգույշ են իրենց որոշումների ու քայլերի մեջ, որ ժողովրդի համար լրացուցիչ լարվածություն չստեղծեն։
Միայն Հայաստանում է, որ իշխանությունը սնվում է ժողովրդի ամենօրյա լարվածության, սթրեսի «պտուղներով»։ Սա կոչվում է հոգաբանական խոշտանգում, կտտանք, որի ներարկիչն արդեն 8 տարի մեկի ձեռքին է. դոզավորված ցավ, մրմուռ, անհանգստություն, դժբախտություն է սրսկում ու դրանից հաճույք ստանում, վայելում իր սփռած աղետների, պառակտումների,ահաբեկչական ակտեի հետևանքները։
Ձեր ապրած օրը օ՞ր է, ձեր ուրախությունն ուրախությո՞ւն է, ձեր կերած հացը հա՞ց է...
Սա բանտարկված ազատություն է կամ ազատ բանտարկություն. կարողանո՞ւմ եք ուրախանալ ձեր երեխայի հաջողություններով, կամ կարողանո՞ւմ եք նկատել, թե նա ոնց է մեծացել, ճաշակն ինչպե՞ս է փոխվել, ի՞նչ նախասիրություններ ունի, կամ կարողանո՞ւմ եք ընկալել, թե ինքներդ քանի տարեկան եք դարձել արդեն, ու ոնց ինչ-որ չկայացած մի փնթի ձեր կյանքի 8 տարին գողացավ։ Մի ամբողջ սերնդի կյանքը գողանալու մասին էլ չխոսենք։
Ժողովուրդ, մեզ Աստված է պահում, Աստված է մեր ուժը, մեր էությունը, մեր միտքը, մեր հոգևոր հենարանը, որ կարողանում ենք դիմանալ ու դիմադրել։ Եթե ամենօրյա դոզավորված ցավից դեռ ցավ ենք զգում, դեռ չենք բթացել, ուրեմն Աստված էլ է մեզ հետ նույն դոզավորված ցավը զգում, տանում ու դիմանում։ Նա է օգնում, որ չբթանանք, մարդկային դեմքն ու նկարագիրը չկորցնենք։
Սա մարդու կռիվ չէ, մարդու պատերազմ չէ։ Սա երկրի վրա Աստծո ու մարդակերպ սատանայի պատերազմ է։ Մենք ոչ միայն ականատեսն ենք այդ պատերազմի, այլև մասնակիցը, գործող անձինք, որոշում կայացնողը։ Ինչպիսի՞ որոշում կկայացնենք. այդ որոշումից կուժեղանա կա՛մ Աստված, կա՛մ մարդակերպ սատանան։