Ողբերգական դեպք՝ Սևանում

20/1/2026 17:29

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում մահացած քաղաքացի կա և 1 վիրավոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է և նրանք ընկել են։