Հռիփսիմե Հունանյանը հրաժարվում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

21/1/2026 16:34

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: «Սիրելի´ հայրենակիցներ, Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը: Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար: Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- գրել է Հունանյանը: