Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է, 1 մլրդ դոլարանոց սելֆի է

22/1/2026 12:47

Եթե գնանք այն տարբերակով, որ այդ 1 մլրդ դոլարը Հայաստանը պետք է ներդնի, ապա մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիները, վճարելու ենք 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խորհրդի» համար հնարավոր 1 մլրդ դոլար ներդրման մասին: «Մի քանի երկրի ղեկավարներ այդ հրավերը ստանալուց հետո հրապարակել էին ու հանրայնացրել, որ այդ խորհրդում անդամակցելը արժի 1 մլրդ դոլար: Այսինքն՝ երկիրը ներդրում պետք է անի այդ խորհրդի անդամ դառնալու համար: ՔՊ-ականները ասացին՝ մենք չգիտենք այդ պայմանը կա, թե ոչ: Հիմա ես տրամաբանական հարց եմ տալիս, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր ձև է, այն երկիրը, որը կներդնի 1 մլրդ դոլար, և այն երկիրը, որից չեն ուզի ու չի ներդնի, ձեր կարծիքով՝ նույն ձայնի իրավունքն են ունենալու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- նշել է նա: Անդրադառնալով նախորդ իրադարձություններին՝ Մամիջանյանը շեշտեց, որ անցյալում ևս եղել են նմանօրինակ իրողություններ. «60 միլիոնի կարգի նստեց ՍՈՒ-երի սելֆին՝ չնայած, որ այդ ինքնաթիռները 1 վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության վրա: Միակ օգուտը եղել է Փաշինյանի ՍՈՒ-երի հետ այդ սելֆին: Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է, 1 մլրդ դոլարանոց սելֆի է ուզում Փաշինյանը անել Թրամփի հետ, իհարկե օգտագործելու համար դա հետագա ընտրական պրոցեսներում: Հարցնում եմ քաղաքացիներին, հիմա արժե՞ 1 մլրդ վճարել Փաշինյանի սելֆիի համար, իմ կարծիքով՝ ոչ»: